ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կուսակցության առաջարկած ծրագիրը ԼՂ կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի վրա դրված ծրագիրն է։
«Պատասխանեք ձեր իսկ համաձայնությամբ, ձեր սեղանի վրա դրված նախագծին։ Եթե համաձայն եք, գնացեք առաջ գործընթաց իրականացնելու։ Եթե հանրապետականը, գործող իշխանությունը գնում է այս ճանապարհով, մենք ողջունում ենք դա», - ընդգծեց նա։
Նա կարծում է, որ այս պահին թուղթն ու գրիչը իշխանության ձեռքին է, ուստի նա կարող է իրականացնել խաղաղության ծրագիրը, իսկ եթե ոչ, դա կանի ՀԱԿ-ը: «Եթե նրանք չեն գնում այս ճանապարհով, մենք գալիս ենք խնդիրը լուծելու»,- ընդգծեց Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը թաքնվում են ագրեսիվ հայտարարությունների տակ, ինչը թույլ է տալիս միջազգային կառույցներին պնդել, որ երկու կողմերն էլ համաձայն չեն խաղաղությանը։
«Եթե մենք հայտարարում ենք, որ համաձայն ենք սրան, համաձայնվում ենք խաղաղության ծրագրին, իսկ Ադրբեջանը մնում է միայնակ։ Եռանախագահությունը այս դեպքում շատ ավելի հայկական կողմի շուրջ է տրամադրված լինում»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով բանակցային գործընթացում Ղարաբաղի դերակատարությանը՝ Արամ Մանուկյանը նշեց. «Մեր իշխանության ժամանակ սահմանվեց, որ Հայաստանը չի ստորագրի որևէ փաստաթղթի տակ, որի տակ չի լինի Ղարաբաղի ստորագրությունը, եթե ինքնորոշման մասին ենք խոսում, Ղարաբաղը չի կարող մասնակից չլինել։ Սա այս իշխանությունների մեղքն էր, երբ բանակցող երրորդ կողմը՝ Ղարաբաղը, Ռոբերտ Քոչարյանի չար ձեռքով դուրս եկավ բանակցություններից»,- եզրափակեց նա։